Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի մարմինը
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է կայքը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը նշված հասցեի քարե շինության, այլ ոչ թե վագոն-տնակի, կրակի դեմ պայքարել են քաղաքացիներ, այդ թվում՝ ազգությամբ հնդիկներ։
Հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ Երևան ԳԳՄ»-ի աշխատակիցները, իսկ տեղում արդեն պարզվել է, որ տունը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ, և հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «սպանություն /դժբախտ պատահար/» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

