Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հարձակում է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա , նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։
Նա հայտնել է, որ միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել կուսակցություններից մեկի քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը:
«Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում», - գրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել, ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ -ն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն:
Դեպքի առնչությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ՆԳՆ ոստիկանությունից։

