Հայաստանն արձանագրում է իսկապես պատմական առաջընթաց․ ՆԳ նախարարը՝ ԵՄ–ի հետ վիզայի ազատականացման գործընթացի մասին

13.05.2026, 12:57
Մենք միակ պետությունն ենք աշխարհում, որի հետ Եվրպական միությունը ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով, նշել է Արփինե Սարգսյանը
Հայաստանն արձանագրում է իսկապես պատմական առաջընթաց․ ՆԳ նախարարը՝ ԵՄ–ի հետ վիզայի ազատականացման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք միակ պետությունն ենք աշխարհում, որի հետ Եվրպական միությունը ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով», - ասել է Սարգսյանը ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով` Հայաստանն արձանագրում է իսկապես պատմական առաջընթաց, և այդ ջանքերի կարևոր արդյունքը եղավ 2024 թվականի սեպտեբերի 9-ին Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնապես մեկնարկը։

Նախարարն ընդգծել է, որ դրանից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացավ գործողությունների ծրագիր, իսկ արդեն 2026 թվականի մայիսին` օրեր առաջ, եվրոպացի գործընկերեները ներկայացրին առաջին առաջընթացի զեկույց։

«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ դեպքեր, այսինքն` արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում։ Այս մասին են նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գանահատել հայաստանյան ջանքերը` վստահություն հայտնելով, որ հասնելու ենք մեր նպատակին», - նշել է նախարարը։

Նրա խոսքով` սա ՀՀ քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։

Սարգսյանը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են հետևողական աշխատանքը` հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակ։