YouTube-ի մոնետիզացիան պաշտոնապես մեկնարկել է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ YouTube-ը պաշտոնապես հայտարարեց, որ մայիսի 11–ից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Սա նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում», – նշել է Հայրապետյանը։
YouTube թիմի 2026 թվականի մայիսի 11-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի հեղինակները կկարողանան մոնետիզացնել իրենց բովանդակությունը և միանալ ավելի քան 3 միլիոն օգտատերերից բաղկացած գլոբալ համայնքին, ովքեր իրենց սիրելի զբաղմունքը վերածել են բիզնեսի YouTube-ում:
YouTube-ում նշում են, որ հարթակը «հաջողության է հասնում միայն այն ժամանակ, երբ հաջողակ են իր հեղինակները»։ Ըստ ընկերության տվյալների՝ վերջին չորս տարվա ընթացքում YouTube-ը ավելի քան 100 միլիարդ դոլար է վճարել հեղինակներին, արտիստներին և մեդիաընկերություններին:
YPP-ի (YouTube-ի գործընկերության ծրագիր) գործարկումը Հայաստանում, ինչպես նշում է YouTube-ը, հանդիսանում է ընկերության պարտավորությունների մի մասը՝ ուղղված բովանդակություն ստեղծողների համաշխարհային տնտեսության զարգացմանը, նրանց բովանդակության մեջ ներդրումներին, մասնագետների հավաքագրմանը և ինչպես հարթակում, այնպես էլ դրանից դուրս հաջողակ բիզնես կառուցելու համար պայմանների ստեղծմանը:

