Հայաստանում 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ (ID քարտ) ստանալը դառնում է պարտադիր

11.05.2026, 19:08
ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը և կից ներկայացված օրինագծերի փաթեթը
Հայաստանում 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ (ID քարտ) ստանալը դառնում է պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը և կից ներկայացված օրինագծերի փաթեթը։

Օրենքի նպատակն է ստեղծել պատշաճ իրավական ընթացակարգեր Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման համար։

«Անձը հաստատող նույնականացման քարտերը պարտադիր կլինեն 16 տարեկան և բարձր անձանց համար։ 6-16 տարեկան անձինք կկարողանան ստանալ անձնագիր կամարտահայտության սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ», - հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս անձնագրերը տրամադրվում են միայն 16 տարեկան և բարձր քաղաքացիներին։

Նախարարը նշել է, որ օրենքի տրամաբանության համաձայն՝ բոլոր ճանապարհորդական փաստաթղթերը կհամապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներին։

Փաթեթը նաև սահմանում է, որ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ։

Կենսաչափական համակարգի ներդրման մասին

2024 թվականի օգոստոսին կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացիներին նոր ձևաչափի նույնականացման քարտեր (ID-քարտեր) և կենսաչափական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ:

Մրցույթը հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքները։

2025 թ.-ի ապրիլին Հայաստանը պայմանագիր է կնքել այս կոնսորցիումի կողմից ստեղծված HAYPASS ընկերության հետ, որը անմիջականորեն պատասխանատու կլինի Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման համար։

Հաստատվել է կենսաչափական նույնականացման քարտերի դիզայնը, ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, պաշտպանիչ տարրերը և տվյալների դաշտերը: Ըստ ժամանակացույցի՝ դրանց թողարկումը կմեկնարկի 2026 թվականի 2-րդ կեսում:

Կենսաչափական համակարգի ներդրումը, մասնավորապես, նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը, այն բարեփոխումների առաջին կետն է, որոնք Հայաստանը նախատեսում է իրականացնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման համար: