Ես չեմ կարծում, թե պետք է պարտադիր ամեն ինչին արձագանքեմ. Փաշինյանը՝ Երևանում Զելենսկու ելույթի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը՝ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի վերաբերյալ։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի գնահատմամբ՝ դաշնակից Երևանի կողմից Զելենսկու «ռուսաֆոբ հայտարարությունների համար» հարթակ տրամադրելը նորմալ չէ, և ռուսական կողմը պարզաբանումների է սպասում։
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի։ Այդ միջոցառումն որքան իմ միջոցառումն է, այդքան էլ մեր մյուս գործընկերների միջոցառումն է։ Հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի և հյուրընկալվող երկրի ղեկավարի կարգավիճակով ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ», - նշել է Փաշինյանը լրագրողների հետ ճեպազույցի ժամանակ։
Ըստ Փաշինյանի՝ եղել են դեպքեր, երբ իր ներկայությամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների հասցեին։
«Բայց ես չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ պատեհ չեմ համարում։ ՀՀ-ն էլ Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, ԵԱՏՄ անդամ երկիր է, ԱՊՀ անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել», - ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է՝ իր օրակարգով։
«Մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մնում և միշտ չէ, որ մենք համարում ենք, որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել և հայտարարություններ անել(խմբ. պետք է)։ Այսինքն, մե՞նք պիտի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը և խաղաղությանը, բայց մեր մասով», - ասել է Փաշինյանը։

