Քոչարյան. Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարող է երկիրը ներքաշել «նոր արկածախնդրության» մեջ
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի կորստից հետո Հայաստանի ներկայիս իշխանությունները վարում են քաղաքականություն, որը կարող է երկիրը ներքաշել «նոր ավանտյուրայի մեջ», հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջերս Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, Զելենսկուն այդ հավաքին հրավիրելը, սադրիչ հայտարարություններ հնչեցնելը՝ այս ամենը մեզ նոր արկածախնդրության մեջ ներքաշելու հերթական փորձն է», - ասել է Քոչարյանը Էջմիածնում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Նա ենթադրել է, որ նման քաղաքականությունն ունի երկու պատճառ։ «Կա՛մ նրանք ասելիք չունեն, որովհետև ձախողել են բոլոր խոստումները, և հիմա գտել են պատերազմի սպառնալիքը, որով փորձում են համոզել մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Կա՛մ փորձում են երկիրը ներքաշել նոր ավանտյուրայի մեջ, որպեսզի եվրոպացիները աչք փակեն այն ամենի վրա, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը որևէ աղերս չունեն Հայաստանի շահերի հետ», - կարծում է Քոչարյանը։
Նախկին նախագահը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքն առաջարկում է անվտանգության այլ մոդել՝ հիմնված ժամանակակից ու մարտունակ բանակի, ուժեղ առաջնորդի և հզոր դաշնակցի առկայության վրա։
Հայաստանի խորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
