ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հայտարարվել է Ռուսաստանի հասցեին սպառնալիքների համար Զելենսկուն «ամբիոն» տրամադրելու անընդունելիության մասին. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ տեղի է ունեցել նրա հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, հայտնում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Հայաստանում ԵՄ հովանու ներքո անցկացված վերջին միջոցառումների շրջանակում կիևյան նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու բացարձակ անընդունելիության մասին։ Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են զգում և պաշտոնական Երևանի կողմից հիշատակված այցելուի նմանօրինակ խայտառակ պահվածքին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին անհամապատասխան», - ասված է հայտարարության մեջ:
Դեսպանը խոստացել է զեկուցել Երևան ռուսական կողմի ներկայացրած բողոքի մասին։
Մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ուկրաինացի առաջնորդը հայտարարել էր, որ Ռուսաստանը «չի կարող հույսը դնել անվտանգության վրա մայիսի 9-ին», քանի որ «ուկրաինական անօդաչու սարքերը կարող են հասնել Մոսկվա» (մեջբերում Զելենսկու ելույթից)։

