Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակում. 28-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 59–ամյա տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

