Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գնում էինք այդ ճանապարհով և հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ, և որ մենք ինչ-որ հարցում ինքներս մեզ խաբում ենք։ Մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք վատ ապրում»,- ասել է Փաշինյանը Կոռնիձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նրա խոսքով՝ «իրականում դա սուտ էր, որովհետև բանակ չէր ստեղծվել, քանի որ նրանք գիտեին, որ այս ամենի ճակատագիրն ու հետևանքները ծանր են լինելու»։
«Հաղթանակած Հայաստանում մարդիկ լա՞վ են ապրել։ Իրենք իմացել են ծանր է լինելու։ Մենք առերեսվել ենք այդ հետևանքի հետ, մենք ճանաչել ենք այդ հետևանքը։ Մենք կանգնել ենք և ասել ենք՝ ժողովուրդ, մենք սխալ ճանապարհով ենք գնում», - հավելել է նա։
Ըստ Փաշինյանի՝ այդ փոխված ճանապարհով Հայաստանը եկել և հասել է խաղաղության այս կետին։
«Ղարաբաղում թոշակն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում․ ու՞մ հաշվին՝ Հայաստանի հաշվին։ Աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում․ ո՞վ է ապահովել դա՝ ՀՀ-ն», - նշել է Փաշինյանը։
Վերջին ամիսներին ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժման թեման պետք է փակվի», քանի որ «դրա շարունակությունը նշանակում է նոր պատերազմ»։

