Wildberries-ը հայտնել է Հայաստանից ապրանքների վաճառքի փուլային վերականգնման մասին
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Wildberries-ը հայտնել է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։
Wildberries-Armenia-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։
Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։
Համաձայն Wildberries-Armenia-ի մամուլի ծառայության հայտարարության՝ պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։
Նշվում է, որ ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։
«Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով»,- նշել են Wildberries-Armenia-ի մամուլի ծառայությունում։
Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։
Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։
Wildberries-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին և վաճառողներին համագործակցության և կառուցողական փոխգործակցության համար։
Wildberries և Ozon հարթակներում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին
Մայիսի 1-ին հայտնի դարձավ արտերկրում Wildberries և Ozon հարթակներով հայ արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցման մասին:
«Wildberries-Armenia»-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ իրավիճակը կապված է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակներում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառման հետ: Ընկերությունից հիշեցրել են, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոխվել են մաքսային ձևակերպման կանոնները: Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են թարմացված ընթացակարգերի շրջանակներում:
Ozon-ում նույնպես հայտնել են Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքների առաքման ժամանակավոր դժվարությունների մասին՝ կապված մաքսային ձևակերպումների փոփոխությունների հետ:

