Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

08.05.2026, 15:14
Տարկետում կտրվի աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին՝ կտրվի ՀՀ-ում աշխատելու համար
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը նախորդ շաբաթ բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և զինվորական ծառայությունից ազատման նոր համակարգի ներդրում:

Աշխարհի լավագույն բուհեր են համարվում https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունները:

Նշված հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար կստանան զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Կարգի 1-ին հավելվածով կարգավորվում են աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

Աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև համապատասխան ուսումնական հաստատության ուսանող կամ դիմորդ լինելու մասին փաստաթղթերը:

2-րդ հավելվածով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին տարկետման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում պարտավոր է ՀՀ-ում փաստացի գտնվել 183 և ավելի օր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել գործատուի կողմից գործուղվելու կամ գործատուի համաձայնությամբ որակավորման բարձրացման նպատակով ՀՀ-ում չգտնվելու հանգամանքներով:

Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու պահանջը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում, եթե քաղաքացին որակավորման բարձրացման նպատակով գտնվում է այլ երկրում, կամ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում նա չի աշխատում տվյալ կազմակերպությունում:

Աշխատանքն ընդհատվելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեք ամսվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան անցնել նոր աշխատանքի: Նշված պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

3-րդ հավելվածով սահմանվել են այն ոլորտները, որոնցում աշխատելու համար քաղաքացիներին կտրամադրվի տարկետում: Դրանք են՝

  •        հանրային կառավարման ոլորտ
  •         կրթության և գիտության ոլորտ
  •        ռազմարդյունաբերության ոլորտ
  •      բարձր տեխնոլոգիաների ոլորտ
  •         արդյունաբերության ոլորտ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը
  •       առողջապահության ոլորտ
  •      ֆինանսական ոլորտ

Ներդրված տարկետման նոր համակարգը նպատակ ունի խրախուսելու աշխարհի լավագույն բուհերում սովորած քաղաքացիների վերադարձը հայրենիք և նրանց ընդգրկումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման: