Հանտավիրուս. ռիսկերը, կանխարգելումը և իրավիճակը Հայաստանում

08.05.2026, 21:13
Հանտավիրուսի նկատմամբ վերջին օրերին ցուցաբերվող մեծ ուշադրությունը կապված է MV Hondius զբոսանավի հետ ասոցացվող բռնկման հետ: ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր հայտնել է Հայաստանում տիրող իրավիճակի և ռիսկերի մասին
Հանտավիրուս. ռիսկերը, կանխարգելումը և իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․     Վերջին օրերին հանտավիրուսի նկատմամբ աճող ուշադրությունը կապված է MV Hondius զբոսանավի հետ կապված բռնկման հետ։

2026 թ.-ի մայիսի 7-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղեկացրել է ութ դեպքի մասին, այդ թվում՝ երեք մահվան. ութ դեպքից հինգը հաստատվել են որպես հանտավիրուս, ևս երեքը դիտարկվել են որպես կասկածելի: ԱՀԿ-ն բնակչության համար ընդհանուր ռիսկը գնահատել է ցածր և հանձնարարել է 45 օրվա ընթացքում բժշկական հսկողություն սահմանել ուղևորների և անձնակազմի նկատմամբ:

ՄԱԿ-ն իր տեղեկատվական հարթակների միջոցով նույնպես տարածել է պարզաբանումներ վարակի բնույթի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

Իրավիճակը Հայաստանում

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր հայտնել է, որ հանտավիրուսի տարածման գլոբալ ռիսկը մնում է ցածր, իսկ Հայաստանում իրավիճակը գնահատվում է վերահսկելի, և բնակչության համար վտանգ չկա:

Գերատեսչությունը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին: Իսկ ԱՀԿ-ն այս պահին չի հանձնարարում սահմանել որևէ սահմանափակում ճամփորդությունների կամ առևտրի համար:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանտավիրուսի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը, դրա ախտանիշների, ռիսկերի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

1.    Ի՞նչ է հանտավիրուսը

Հանտավիրուսները վիրուսների խումբ են, որոնք փոխանցվում են հիմնականում կրծողների միջոցով: Մարդու մոտ դրանք կարող են առաջացնել ծանր հիվանդություններ, առաջին հերթին՝ հանտավիրուսային թոքային համախտանիշ և երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդ:

2.    Ինչպե՞ս է տեղի ունենում վարակումը

Վարակման հիմնական ուղին շփումն է վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ: Ամենատարածված տարբերակը աղտոտված մասնիկների շնչումն է փակ տարածքների, պահեստների, ամառանոցների, նկուղների կամ այլ վայրերի մաքրման ժամանակ, որտեղ կարող էին գտնվել կրծողներ:

3.    Փոխանցումը մարդկանց միջև

ԱՀԿ-ի տեղեկություններով՝ հանտավիրուսի տեսակների մեծ մասի համար մարդուց մարդուն փոխանցումը բնորոշ չէ: Բացառություն է համարվում Անդես (Andes) վիրուսը, որը տարածված է Հարավային Ամերիկայում:

4.    Ախտանիշները և հիվանդության ընթացքը

Առաջին ախտանիշները հաճախ հիշեցնում են գրիպ՝ ջերմություն, հոգնածություն, մկանային ցավեր, գլխացավ, դողէրոցք, սրտխառնոց, փսխում, ցավեր որովայնի շրջանում կամ լուծ: Ավելի ծանր փուլում կարող են ի հայտ գալ հազ, շնչառության դժվարացում, ճնշման անկում և շնչառական անբավարարություն:

5.    Մահացությունը և ռիսկերը

CDC-ի տվյալներով՝ հանտավիրուսային թոքային համախտանիշի դեպքում մահացությունը կազմում է մոտ 38%: Ծանր ընթացքը կապված է նախևառաջ թոքերի ախտահարման և շնչառական բարդությունների արագ զարգացման հետ:

6.    Բուժումը և պատվաստանյութերը

ԱՀԿ-ի տվյալներով՝ հանտավիրուսի դեմ յուրահատուկ արտոնագրված հակավիրուսային բուժում կամ ունիվերսալ պատվաստանյութ չկա: Հիմնական մոտեցումը պաշտպանողական թերապիան է, ստացիոնար հսկողությունը և ինտենսիվ օգնությունը բարդությունների դեպքում:

7.    Կանխարգելում

Կանխարգելման գլխավոր միջոցը կրծողների և նրանց կենսագործունեության հետքերի հետ շփման նվազեցումն է: Հանձնարարվում է փակել շենքերի ճեղքերը, սննդամթերքը պահել հերմետիկ տարաներում, չմաքրել չոր արտաթորանքը, նախապես խոնավեցնել աղտոտված մակերեսները և պահպանել ձեռքերի հիգիենան:

8.    Ընդհանուր եզրակացություն

Հանտավիրուսը մնում է հազվադեպ, բայց պոտենցիալ ծանր վարակ: Հիմնական ռիսկը կապված է ոչ թե մարդկանց միջև զանգվածային տարածման, այլ վարակված միջավայրի հետ շփման հետ: Ընդ որում, միջազգային կազմակերպությունները շեշտում են՝ խոսքը ոչ թե նոր գլոբալ համաճարակի, այլ հայտնի վարակի մասին է, որի ռիսկը հիմնականում կապված է վարակված կրծողների հետ շփման հետ: