Փաշինյանը մեկնաբանել է Ղարաբաղի վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունները

11.05.2026, 17:15
Մայիսի 9-ին Փաշինյանը սուտ է որակել այն հայտարարությունները, թե «Ղարաբաղը մերն էր, իսկ հիմա՝ ոչ»՝ ընդգծելով, որ իրականում Հայաստանը «մերը չէր, իսկ հիմա՝ մերն է»
Փաշինյանը մեկնաբանել է Ղարաբաղի վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Ղարաբաղի վերաբերյալ իր հայտարարությունները, որոնք մեծ արձագանք էին առաջացրել:

Մայիսի 9-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ընտրողների հետ զրույցում Արցախի և կորսված հողերի վերաբերյալ հարցրել էր՝ «Հող ենք կորցրել, էտ հողը ինչո՞վ ա մերը եղել։ Ընտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք ընտեղ, ինչո՞վ է մերը եղել, մերը չի եղել։

Վարչապետը սուտ էր անվանել նաև այն հայտարարությունները, թե «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ»՝ հավելելով, որ «Հայաստանը մերը չէր, հիմա մերն է»:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ իր խոսքերը վերաբերել են Ղարաբաղին շրջակա տարածքներին (շրջաններին)։ Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ այդ տարածքներում փաստացի ոչինչ չի կառուցվել, իսկ այն, ինչ ներկայացվել է որպես կառուցված, դե ֆակտո չի էլ եղել, միանշանակ և աներկբա։