Ալիևը քննադատել է եվրոպացի առաջնորդների գովասանական հայտարարությունները Հայաստանի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստան այցելող արտասահմանյան առաջնորդների հայտարարությունները՝ դրանք անվանելով «դատարկախոսություն»:
«Այսօր որոշ արտասահմանյան առաջնորդներ, ովքեր գալիս են Հայաստան և իրենց «կեղծ հերոսների» տեղ են դնում, այն ժամանակ՝ 2020 թվականին, արդեն իսկ իշխանության էին իրենց երկրներում. թող այն ժամանակ գային Հայաստանին օգնության: Սա ոչ այլ ինչ է, քան դատարկախոսություն», — ասել է Ալիևը, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Axar պորտալին:
Նրա խոսքով, նման քաղաքական գործիչների աջակցության մակարդակն իրենց իսկ երկրներում կազմում է 10–15%:
Բաքվի և Եվրախորհրդարանի հարաբերությունների սրման մասին
2026 թվականի ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին» բանաձևի ընդունումից հետո Բաքվի հարաբերությունները ԵԽ-ի հետ սրվել են: Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Ադրբեջանում հայ գերիների պահումը և պահանջում անհապաղ ազատ արձակել նրանց:
Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ, իսկ նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԽ-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք պարունակում են, ինչպես պնդում է Ալիևը, վիրավորական ձևակերպումներ Ադրբեջանի հասցեին:
Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի մասին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունեցել մայիսի 4-ին: ԵՄ ներկայացուցիչները մի շարք դրական գնահատականներ են տվել Հայաստանի դերին և երկրում միջոցառման անցկացման նշանակությանը:
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան Երևանի գագաթնաժողովն անվանել է պատմական՝ հայտարարելով, որ դրա անցկացումը Հայաստանին տեղավորեց «Եվրոպայի սրտում, որին նա պատկանում է»: Նա նաև երևանյան հանդիպումը բնութագրել է «խաղաղության գագաթնաժողով Կովկասում»՝ ընդգծելով Հայաստանի և տարածաշրջանի հետ Եվրոպայի աշխատանքի անհրաժեշտությունը՝ հանուն կայունության:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության ու էներգետիկայի ոլորտներում խորացնելու մտադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գագաթնաժողովը հաստատեց ԵՔՀ-ի նշանակությունը՝ որպես վստահության ամրապնդման և համախոհ գործընկերների հետ ավելի համակարգված եվրոպական օրակարգ ձևավորելու հարթակ: Նրա խոսքով՝ երևանյան քննարկումները կհանգեցնեն փոխգործակցության ընդլայնմանը:

