Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման պատիժը խստացվեց. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացման մասին նախագիծը:
«Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոցներ իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ: Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ», - նշեց հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նախագծով նախատեսվում է ավելացնել ազատազրկման ժամկետները թմրամիջոցների տարածման համար․ մասնավորապես՝ Telegram-ով իրացման պատիժը 3-6 տարուց դառնում է 5-10 տարի, իսկ անչափահասներին վաճառելու դեպքում` 3-6 տարվա փոխարեն այն դառնում է 8-15 տարի։
Կխստացվի նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճացնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը։
«Պատիժ-տուգանքն առավելագույն 10-ապատիկի փոխարեն առաջարկում եմ սահմանել 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահամնել 2 տարի ժամկետով։ Խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոցներ ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-30-ապատիկը դարձնել 20-40-ապաատիկ, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ», - նշեց պատգամավորը։
Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն կսահմանվի 3-6 տարի։
Սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը ևս կկրկնապատկվի՝ 200-400 հազարի փոխարեն դառնալով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն կսահմանվի 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ։

