Հայաստանը 2026 թ.-ի մայիսի 9-ը նշում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ։
«Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն»,-Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքակիրթ մարդկությունն ասել է «ոչ» ֆաշիզմին։
«Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում»,-գրել է վարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 81-ամյակը «միջազգային բարդ պայմաններում»։
«Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց»,-գրել է Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը 2026 թվականի մայիսի 9-ը նշում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում»։
«Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք»,-գրել է նա։
Վարչապետի խոսքով՝ այսօր խնդիրն է «պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով»։
Նա ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը «պատմական հնարավորություն» է Հայաստանի համար՝ երկիրը հասցնելու «նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի»։
«Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը»,-հայտարարել է Փաշինյանը։
«Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - ասվում է ուղերձում։

