Հայրենիքը մեր աչքերի առաջ փոքրանում է․ քաղաքացին Փաշինյանին ասել է, որ ուրախանալու առիթ չկա

11.05.2026, 14:54
Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացուց հարցրեց, թե ինչու է նա վատ տրամադրությամբ
Հայրենիքը մեր աչքերի առաջ փոքրանում է․ քաղաքացին Փաշինյանին ասել է, որ ուրախանալու առիթ չկա

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացուց հարցրեց, թե ինչու է նա վատ տրամադրությամբ։ Վերջինս պատասխանեց, որ այլ տրամադրության համար առիթ չկա:

Որպես առիթ վարչապետը թվարկեց կենսաթոշակների բարձրացումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցումը, հաստատված խաղաղությունը և տնտեսական աճը։

«Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞», - նշեց քաղաքացին՝ ընդգծելով, որ այն մեր աչքի առաջ փոքրանում է։

Փաշինյանը չհամաձայնեց։

«ՀՀ-ն ինչքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, հիմա այդքան էլ կա, և սահմանազատման արդյունքում բոլոր այն հատվածներում, որոնց հետ խնդիր կա, այդ բոլոր հատվածներում հարցերը կլուծվեն», - ասաց վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացին։

Զրույցից հետո քաղաքացին չընդունեց վարչապետի՝ Հայաստանի քարտեզով կրծքանշանը կամ թռուցիկը, սակայն սեղմեց նրա ձեռքը։