Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ–ին կամ ԵԱՏՄ–ին մասնակցելու հարցում «քաղաքակիրթ բաժանման» համար․ Պուտին
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը հատուկ դիտարկում են պահանջում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք կաջակցենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ դարերի ընթացքում առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Միևնույն ժամանակ Պուտինը հայտարարել է որոշ կարևոր հանգամանքներ հաշվի առնելու անհրաժեշտության մասին։
«Օրինակ, Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը՝ այն հիմա նվազել է, անցյալ տարի, նախանցյալ տարի շատ ավելի մեծ էր, բայց, այնուամենայնիվ, 2025 թվականի տվյալներով կազմում է 7 միլիարդ դոլար։ Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, ապա դա լուրջ մեծություն է։ Եվ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։ Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին և այդպես շարունակ։ Դա վերաբերում է միգրացիոն ոլորտին», - ասել է նա։
Պուտինը նշել է, որ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվել։
«Օրինակ, հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, լիովին տրամաբանական կլիներ՝ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որը կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ կանեինք համապատասխան եզրակացություններ և կգնայինք մեղմ, այսպես ասած՝ քաղաքակիրթ և փոխշահավետ բաժանության ճանապարհով», - ասել է ՌԴ նախագահը։
Հայաստան-ԵՄ. գլխավորը
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդ որում ընդգծել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի կրում էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագիրը։

