9 անձ ձերբակալվել է. ՆԳՆ–ի պարզաբանումը` Մասիսում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության դեպքից
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունից հերքել են հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե մայիսի 11-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչել են կրակոցներ։
Նշվում է, որ որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, թե իբր հնչել են կրակոցներ։
«Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել», – նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։
Հաղորդվում է, որ հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության 3 մասնակից հայտնաբերվել ու ձերբակալվել է, իսկ հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են նաև մյուս մասնակիցների ինքնությունն ու դեպքի որոշ հանգամանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ևս 6 անձ:
Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

