Դասընկերները հրմշտոցի ընթացքում հարվածել են 13-ամյա պատանու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։
Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել», - նշված է հաղորդագրության մեջ։
Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։
«Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն», - հայտնում են ոստիկանությունից։
Նշվում է, որ համայնքային ոստիկաները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։
ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

