2 տղամարդ ալկոհոլ օգտագործելուց հետո ձեռքերով հարվածներ են հասցրել համաքաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են ալկոհոլ օգտագործելուց հետո մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց, հայտնում են ՆԳ ոստիկանությունից։
«Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, հայտնում են ՆԳ ոստիկանությունից։
Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

