Marvel-ի հերոսների կոստյումներով ԿԸՀ ներկայացած «Բոլորին դեմ» կուսակցության ցուցակի 50 անդամ դուրս են եկել, ևս 12-ը դուրս կգան
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բոլորին դեմ»-ի ցուցակի 50 անդամ դուրս են եկել, 12-ը ևս դուրս են գալու։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները»,-նշում են կուսակցությունից՝ հավելելով, որ քանի որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է իրենք գտել են իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։
«ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում։ Գնացեք ընտրության, քվեարկեք բոլորին դեմ», -նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մայիսի 3-ին «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին ներկայացել էին Marvel-ի հերոսների կոստյումներով։

Նշենք նաև, որ կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 14-ին Կարապի լճի տարածքում իրականացրել է «Ջուր ծեծելու» ակցիան։
Ակցիայից մի քանի ժամ առաջ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է։ Նրանք նավակ էին բերել իրենց հետ, որի մեջ ջուր էին լցրել և իրագործել իրենց գաղափարը։
Նշենք նաև, որ մայիսի 20-ին կուսակցությունը կառավարության շենքի դիմաց իրականացրել է «Մուկ տշելու» ակցիան։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

