Մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար չենք արել ոչ մի բան ու չենք անի. Փաշինյան

20.05.2026, 15:44
Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով,  ասել է Փաշինյանը
Մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար չենք արել ոչ մի բան ու չենք անի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը երբեք չի արել և երբեք չի անի որևէ բան, որը կվնասի Ռուսաստանի շահերին։

«Մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու։ Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով», - ասել է Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Միաժամանակ, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի շահերը իր սեփական շահերից բարձր դասել։

«Սա լեգիտիմ դիրքորոշում է, և մենք հետևում ենք  Հայաստանի շահերին։ Մենք հակասության և հակադրության, առավել ևս՝լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է», - ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ ինքը բարեկամական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի նախագահի հետ։

«Ես կասկածում եմ, որ 2018 թ․-ից մինչև օրս ՌԴ նախագահն ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել», - ասել է վարչապետը։