«Կզցնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»․ Փաշինյանը սպառնացել է Արցախի և Հայաստանի նախկին առաջնորդներին

18.05.2026, 16:40
Երևանյան բակերից մեկում նախընտրական քարոզարշավի ժամանակ կինը Փաշինյանին մեղադրել է իրենից հայրենիքը «գողանալու» և շարունակաբար գողանալու մեջ։
«Կզցնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»․ Փաշինյանը սպառնացել է Արցախի և Հայաստանի նախկին առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, երևանյան բակերից մեկում նախընտրական քարոզարշավի ժամանակ, կտրուկ է արձագանքել մի կնոջ խոսքերին, ինչից հետո սպառնալիքներ է տեղացել մի շարք քաղաքական ընդդիմադիրների հասցեին։

Կինը Փաշինյանին մեղադրել է իրենից հայրենիքը «գողանալու» և շարունակաբար գողանալու մեջ։ Նրան մեղադրել է երիտասարդների մի ողջ սերունդ ոչնչացնելու, մարդկանց անհետացման մեջ։

«Դուք գողացել եք իմ երեխաներին, իմ եղբորը, իմ ուրախությունը։ Դուք գիտե՞ք, թե քանի բարձրաստիճան սպա է համարվում բռնի անհետացած և անհետ կորած։ Դուք մեզ ոչնչացնում էիք։ Դուք փորձեցիք մեզ կոտրել, բայց մենք չկոտրվեցինք», - հայտարարել է կինը։

Այս խոսքերից հետո վարչապետը բարձրացրել է ձայնը։

«Եթե դուք Ռոբն եք (Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան - խմբ․), մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ կկզացնեմ, կալուգացուն էլ («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյան - խմբ․), Գագոյին էլ («Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան - խմբ․), Սերժին էլ (Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյան - խմբ․)», - գոռացել է վարչապետը։

Իրեն լսելու Փաշինյանի պահանջին ի պատասխան կինն ասել է, որ «ինքը թշնամու հետ խոսելու բան չունի»։

Եվ այդտեղ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ «Ես Ռոբին կկզացնեմ, ծնկի կբերեմ ու կսատկացնեմ, կալուգացուն էլ կկզացնեմ ու կսատկացնեմ։ Մենք 8 տարի երկիր ենք կառուցել, առողջապահության ապահովագրության համակարգ ենք ստեղծել, պետություն։ Իսկ դուք քանդել եք երկիրը, թալանել եք՝ Ղարաբաղի հետևում թաքնվելով»։

Վարչապետն անդրադարձել է նաև սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ դիմակավորված անձինք սպառնում են իրեն, հայհոյում են իր հասցեին և մեղադրում այն բանում, որ ինքը ստել է Արցախի բնակիչներին և կխաբի նաև Հայաստանի բնակիչներին։

«Նրանք, ովքեր մասկաներով և ղարաբաղյան ակցենտով տեսանյութ են տարածում՝ հանե՛ք ձեր մասկաները, փախածնե՛ր, ստահակնե՛ր։ […] Դուք վախկոտ հղփացածներ եք, որոնք փախել են մարտի դաշտից։ […] Ես ձեզ չոքացնելու եմ, ձեր մասկաները մտցնելու եմ համապատասխան տեղը», - գոռացել է վարչապետը՝ կողքին գտնվող կողմնակիցների ծափահարությունների ներքո։

Քրեական գործ տեսանյութի փաստով

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ՆԳՆ-ից ստացված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ վարչապետի սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի առնչությամբ։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ատելության և անհանդուրժողականության շարժառիթներով անհայտ անձինք ուղիղ եթերում տարածել են տեսանյութ՝ ՀՀ վարչապետի սպանության սպառնալիքով։

«Սպառնալիքը կապված է Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ և պարունակում է դրա իրականացման իրական վտանգ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան. վարչապետը ասելիք չունի

Փաշինյանի սպառնալիքներին անմիջապես արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանը։

«Նա վիրավորում է, որովհետև ասելիք չունի, ծրագիր չունի։ Նա 8 տարի խաբել է ժողովրդին և ինձ նույնպես՝ սկզբից և մինչ օրս։ Եթե նա ծրագիր ունենար, հանգիստ կներկայացներ ժողովրդին», - ասել է Ծառուկյանը։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հանգիստ է արձագանքում քննադատությանը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակիցների կողմից։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու  Արման Թաթոյան․ պետք է փոխել արատավոր պրակտիկան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը վրդովված է քաղաքացիների հետ շփման՝ Փաշինյանի ձևից։

«Ինչպե՞ս է նա խոսում մարդու հետ։ Թիկնապահների ներկայությամբ․․․ Գոռում է, կոպտում մարդուն, հայ կնոջը, ով ամեն ինչ կորցրել է, իսկ հիմա եկել է և ուզում է պատասխաններ ստանալ», - հայտարարել է Թաթոյանը։

Նա խնդիրը տեսնում է նրանում, որ երկրի ղեկավարը լկտիաբար և սանձարձակ ձևով է խոսում քաղաքացու հետ և մնում անպատիժ, դրանով իսկ օրինակ ծառայելով իշխանության մյուս մարմինների համար։

«Նա դա անում է, որովհետև վստահ է իր պաշտպանվածության մեջ։ Մենք պետք է փոխենք տարիների այս արատավոր, կեղտոտ պրակտիկան, որին ականատես ենք լինում հենց հիմա», - հայտարարել է Թաթոյանը։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան․ զարմացած եմ վարչապետի տոկունությամբ

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիացած է Փաշինյանի տոկունությամբ։

«Ես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա։ Կարծում եմ՝ դրանք երկաթից են, բետոնից են։ Զարմանում եմ, թե ինչպես է նա դիմանում այն ամեն ինչին, ինչի միջով մենք անցնում ենք։ Ես երբեմն չեմ դիմանում։ Վարչապետը ժողովրդի մեջ սեր ու վստահություն է առաջացնում հայի իր անկաշկանդ կերպարով։ Մարդիկ նրան համարում են իրենց ընտանիքի անդամը», - այսօրվա միջադեպը մեկնաբանել է խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը։