ՀՀ–ում քննում են նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված բլոգերի ինքնասպանությունը

18.05.2026, 15:30
Հայաստանում քննում են բլոգեր Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանությունը, ով ավելի վաղ ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար
ՀՀ–ում քննում են նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված բլոգերի ինքնասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում քննում են բլոգեր Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանությունը, ով ավելի վաղ ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար։

ՆԳՆ–ի տվյալներով, Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։

Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՆ-ից մանրամասնել են՝ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն է ընդունվել է մայիսի 16-ին, որտեղ մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության  և ստացել համապատասխան նշանակումներ 

«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումներ, սակայն բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել։ Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող բուժառուի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։ Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,- տեղեկացրել են նախարարությունից:

Ձերբակալության մասին

Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում նրան դեռևս մեղադրանք ներկայացված չէր, հայտնել է «Ազատություն» ռ/կ–ն։

«Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)», - հայտնել են Քննչականից:

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին նաև, որ նոր քրեական վարույթ է հարուցվել Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության փաստով: