Զուգարաններից մինչև կոտրված սրտեր․ աշխարհի ամենատարօրինակ թանգարանները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ Փարաջանովի տիկնիկները, լապշան, ձախողված կտավն ու կոտրված սիրո պատմությունը։ Պատասխանը կգտնեք աշխարհի ամենատարօրինակ թանգարաններում, որտեղ նույնիսկ «անպետք» իրը վերածվում է ցուցանմուշի։
Այսօր՝ մայիսի 18–ին նշվող Թանգարանի միջազգային օրվա կապակցությամբ «Նովոստի Արմենիա»-ն ներկայացնում է աշխարհի ամենաարտասովոր թանգարանները, որտեղ «վատ» արվեստը հիացնում է, կոտրված սիրտը` դառնում ցուցանմուշ, և անգամ զուգարանն ունի սեփական պատմությունը։
Փարաջանովի թանգարանը՝ Երևանում

Կան թանգարաններ, որտեղ այցելուն նայում է պատմությանը։ Եվ կան թանգարաններ, որտեղ պատմությունն է սկսում նայել այցելուին։ Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարանը հենց այդպիսին է։

Թանգարանն այցելուների համար բացվել է 1991 թվականին։ Հետաքրքիր է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ մարդն ինքն է մասնակցել վայրի ընտրությանը և ապագա տուն-թանգարանի ստեղծմանը։ Սակայն Փարաջանովը չի հասցրել բացել այն իր կենդանության օրոք՝ մահանալով դրանից մեկ տարի առաջ։ Այդուհանդերձ, թանգարանը մինչ օրս զարմացնում է իր ցուցանմուշների եզակիությամբ, իսկ դրանք մոտ 1760-ն են։

Փարաջանովը դրանք ստեղծում էր բառացիորեն ամեն ինչից՝ արվեստի գործերի վերածելով հին տիկնիկները, կոտրված ապակին, կափարիչները, կտորի պատառիկները, լուսանկարները, կոճակներն ու կենցաղային իրերը։ Նա առարկաներն անվանում էր սեփական գեղարվեստական լեզվի մաս։
Cup Noodles Museum. Լապշայի թանգարան

Ճապոնիայում գտնվում է աշխարհի ամենաանսովոր թանգարաններից մեկը՝ ամբողջությամբ նվիրված արագ պատրաստվող լապշային։ Այն ստեղծվել է ճապոնացի գյուտարար Մոմոֆուկու Անդոյի պատվին, որը 1958 թվականին իր փոքրիկ խոհանոցում հորինեց աշխարհի առաջին արագ պատրաստվող լապշան։

Թանգարանը հիմնադրվել է 1999թ․–ին, այնտեղ ցուցադրված են տարբեր երկրների հազարավոր նմուշներ, իսկ կենտրոնում վերականգնված է հենց այն խոհանոցը, որտեղից սկսվեց լապշայի պատմությունը։

Թանգարանի առավելությունն այցելուների անմիջական ներգրավվածությունն է. այստեղ յուրաքանչյուրը հնարավորություն ունի ստեղծելու իր հեղինակային լապշան՝ ինքնուրույն ընտրելով բաղադրիչներն ու ձևավորելով բաժակի դիզայնը։
Խորվաթիայում է գտնվում աշխարհի ամենահուզիչ և յուրօրինակ թանգարաններից մեկը, որը նվիրված է ավարտված սիրուն և կոտրված սրտերին։ Այն հիմնադրվել է 2010թ․–ին երկու արվեստագետների՝ Օլինկա Վիշտիցայի և Դրաժեն Գրուբիշիչի կողմից, որոնք իրենց բաժանումից հետո որոշեցին չնետել հիշողությունները, այլ դրանք վերածել արվեստի։

Թանգարանի ցուցանմուշները սովորական իրեր են՝ բանալիներ, հարսանեկան զգեստներ, ժամացույցներ և նույնիսկ փափուկ խաղալիքներ, որոնք նվիրել են մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից։ Յուրաքանչյուր առարկայի կողքին փակցված է մի կարճ, անանուն պատմություն, որը պատմում է տվյալ իրի և դրա հետ կապված սիրո կամ կորստի մասին։
Museum of Bad Art. Վատ արվեստի թանգարան
ԱՄՆ-ում գործում է աշխարհի միակ թանգարանը, որի հավաքածուում ընդգրկվելու համար արվեստի գործը պետք է լինի «չափազանց վատ»։ MOBA-ն (Museum of Bad Art) հիմնադրվել է 1993 թվականին, երբ մի հնավաճառ աղբամանի մոտից փրկել է «Լյուսին դաշտում՝ ծաղիկների հետ» այժմ արդեն հայտնի կտավը։

Թանգարանի հավաքածուն ներառում է բազմաթիվ աշխատանքներ, որոնք ստեղծվել են մեծ ջանասիրությամբ, բայց ինչ-որ պահի «ձախողվել են»։

Այստեղ կարելի է տեսնել տարօրինակ դիմանկարներ, անհասկանալի գունային լուծումներ և հեղինակների համարձակ, բայց ձախողված փորձեր։ Թանգարանի գրավչությունն այն է, որ այն ոչ թե ծաղրում է հեղինակներին, այլև ընդգծում է նրանց ինքնատիպությունն ու անկեղծությունը։

Sulabh International Museum of Toilets. Զուգարանների միջազգային թանգարան
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում է գտնվում աշխարհի թերևս ամենաարտասովոր հաստատություններից մեկը՝ Զուգարանների թանգարանը։ Այն հիմնադրվել է 1992թ․–ին դոկտոր Բինդեշվար Պատակի կողմից, որն իր կյանքը նվիրել է սանիտարական պայմանների բարելավմանը և հիգիենայի մշակույթի տարածմանը։

Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է զուգարանների պատմությունը՝ սկսած հին հռոմեական ջրատար համակարգերից մինչև միջնադարյան թագավորական շքեղ գիշերանոթներ։ Այստեղ կարելի է տեսնել զարմանալի նմուշներ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի «գահ զուգարանը», որը թույլ էր տալիս միապետին չընդհատել ընդունելությունները նույնիսկ բնական կարիքների ժամանակ։

Թանգարանը զվարճալի ձևով բարձրաձայնում է կարևորագույն խնդիրներ` այցելուներին ներկայացնելով տեխնոլոգիական այն լուծումները, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ և պահպանել շրջակա միջավայրը։
Cité du Vin. Գինու քաղաք-թանգարան
Ֆրանսիական Բորդո քաղաքում է գտնվում Cité du Vin-ը՝ աշխարհի ամենաժամանակակից և տպավորիչ թանգարաններից մեկը, որն ամբողջությամբ նվիրված է գինու մշակույթին։ 2016թ․–ին հիմնադրված կառույցը սովորական թանգարան չէ, այլ իսկական ինտերակտիվ ճամփորդություն ժամանակի և տարածության մեջ։
Բարձր տեխնոլոգիական ցուցադրությունների շնորհիվ այցելուները ծանոթանում են գինեգործության հազարամյա պատմությանը, ուսումնասիրում են տարբեր երկրների խաղողի այգիները և նույնիսկ «զգում» տարբեր բույրեր հատուկ սարքավորումների միջոցով։
Թանգարանի ամենագրավիչ կետը վերևում գտնվող դիտահարթակն է, որտեղ այցելուները կարող են վայելել Բորդոյի համայնապատկերը և համտեսել լավագույն գինիները։
Choco-Story. Շոկոլադի թանգարան
1998թ․–ին Բրյուսելում հիմնադրված Շոկոլադի թանգարանն այցելուներին տեղափոխում է մի ժամանակաշրջան, երբ կակաոյի հատիկները համարվում էին «աստվածների սնունդ» և նույնիսկ օգտագործվում որպես դրամ։ Ցուցադրությունները ներկայացնում են, թե ինչպես է կակաոն՝ սկզբում դառը ըմպելիքի տեսքով, տարածվել Եվրոպայում և դարերի ընթացքում վերածվել այսօր հայտնի շոկոլադի տարբեր տեսակների։
Թանգարանի ամենահետաքրքիր մասը կենդանի ցուցադրություններն են։ Պրոֆեսիոնալ շոկոլադագործները հենց այցելուների աչքի առաջ ստեղծում են հայտնի միջուկով կոնֆետները և բացահայտում ձեռքով պատրաստվող շոկոլադի նրբությունները։ Շրջայցի անբաժանելի մասն է համտեսը, երբ կարելի է վայելել բարձրորակ շոկոլադի իրական բույրն ու համը։
Այստեղ կարելի է տեսնել նաև շոկոլադից պատրաստված հսկայական քանդակներ և ծանոթանալ շոկոլադի օգտակար հատկություններին։

