«Զվարթնոց» տաճարի մոտ կանցկացվի Տոլմայի փառատոնը․ հյուրերին սպասվում են տոլմայի 70 տեսակներ, վարպետության դասեր և մրցույթ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 24-ին կանցկացվի տոլմայի փառատոնը։
«Այն Հայաստանում անցկացվում է 2011 թվականից։ Նպատակը ազգային խոհանոցի հանրահռչակումն ու երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացումն է։ Փառատոնը պահանջված է և մեծ հետաքրքրություն է առաջացնում», - ասել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակում սովորաբար ներկայացվում է տոլմայի շուրջ 60-70 տեսակ։ Դրանցից մի քանիսը պատրաստված են հնագույն բաղադրատոմսերով, որոնք վաղուց մոռացվել էին։ Օրինակ՝ դդմի ծաղիկների մեջ փաթաթված և հենց դդմի մեջ պատրաստված տոլման։ Իսկ Կիլիկյան տոլման պատրաստվում է ծովամթերքով։
Կազմակերպության ծրագրերի ղեկավար Անի Նազարյանը հայտնել է, որ փառատոնը կանցկացվի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։ Ավելի քան 30 տաղավարներում կներկայացվեն տոլմայի տարբեր տեսակներ՝ սկսած Կիլիկիայի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը։
«Ակնկալվում է նաև մրցութային ծրագիր։ Մինչ պաշտոնական բացումը, տաղավարները կմրցեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն տոլմա» անվանակարգերում։ Ժյուրիի կազմում կլինեն ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ հայտնի տեղացի և օտարերկրյա բլոգերներ», - պատմել է Նազարյանը։
Նա նշել է, որ պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 16:00-ին։ Կկազմակերպվեն խոհարարական և պարային վարպետության դասեր, հանդես կգա «Ethno Colors Band»-ը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտարարել է, որ փառատոնը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու մշակութային անվտանգության ապահովմանը։
«Փառատոնի հյուրերը կայցելեն ոչ միայն Զվարթնոցի տաճար, նրանց կառաջարկվի այցելել նաև Էջմիածին։ Այն կնպաստի Հայաստանի՝ որպես միջազգային զբոսաշրջային կենտրոնի դիրքավորմանը և զբոսաշրջիկների համար գրավչության բարձրացմանը», - ասել է Ապրեսյանը։

