Արցախի շուրջ 30 թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

18.05.2026, 15:07
Արցախի մշակութային ժառանգությունը ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է
Արցախի շուրջ 30 թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում, հայտարարել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Ավանեսովի խոսքով, Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։

«Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր», – նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։

 

«2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում», – եզրափակել է նա։

Մայիսի 18–ին նշվում է Թանգարանների միջազգային օրը։