Ավանդական համերի տոնը․ ինչպե՞ս նշել Ընտանիքի միջազգային օրը՝ ճամփորդելով անցյալի հուշերում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կան համեր, որոնք մեզ ակնթարթորեն տեղափոխում են մանկություն, և բույրեր, որոնք հիշեցնում են ամենաջերմ գրկախառնությունների մասին։ ժամանակի մեջ ճամփորդելու համար երբեմն բավական է միայն մեկ ճիշտ ընտրված բաղադրատոմս և մի փոքր սեր։ Ընտանիքի միջազգային օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է նշել ավանդական շնչով՝ ներկայացնելով այն ուտեստները, որոնցով մեզ տարիներ շարունակ հյուրասիրել է տատիկը։ Սա հիանալի առիթ է կտրվելու առօրյա վազքից, հավաքվելու սեղանի շուրջ և վայելելու այն համերը, որոնք միավորում են սերունդներին։
Տատիկի համեղաբույր բրնձով փլավը՝ չրերով և կիտրոնի կեղևով

Բաղադրիչներ
- Բրինձ – 2 բաժակ
- Տարբեր տեսակի չիր (ծիրանաչիր, չամիչ, սալորաչիր և այլն) – 1 բաժակ
- Չորացրած կիտրոնի կեղև – 1–2 թեյի գդալ
- Ջուր – 3–4 բաժակ (կամ ըստ անհրաժեշտության)
- Աղ – ըստ ճաշակի
- Կարագ կամ ձեթ – 2–3 ճաշի գդալ (ըստ ցանկության, ավելի հարուստ համի համար)
Պատրաստման եղանակ
Բրնձի պատրաստում
Լավ լվանում ենք բրինձը մի քանի անգամ, մինչև ջուրը պարզվի։ Կարելի է 20–30 րոպե թողնել ջրում թրջված, որպեսզի փափկի։
Չրերի նախապատրաստում
Չրերը լվանում ենք և, եթե շատ մեծ են, կտրատում միջին կտորների։ Կարելի է նաև 10 րոպե տաք ջրում թրջել, որ ավելի փափկեն։
Եփում
Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում բրինձը և եփում միջին կրակի վրա։ Երբ բրինձը սկսում է փափկել, ավելացնում ենք չրերը և չորացրած կիտրոնի կեղևը, խառնում ենք։ Ավելացնում ենք աղ և, ցանկության դեպքում, կարագ կամ ձեթ։ Թողնում ենք, որ ջուրն ամբողջությամբ ներծծվի, և բրինձը պատրաստ լինի։
Մատուցում
Թողնում ենք 5–10 րոպե «հանգստանա», հետո մատուցում տաք կամ սենյակային ջերմաստիճանում։
Սմբուկի թթու

Բաղադրիչներ
- Սմբուկ - 5 կգ
- Կարմիր պղպեղ - 2 կգ
- Սխտոր - 0,5 կգ
- Մաղադանոս - 2 կապ
- Նեխուր - 1 կապ
- Քացախ - 1 գինու բաժակ
Պատրաստման եղանակը
Վերցնել մանր սմբուկներ։ Պոչերը կտրել, բայց վրայի կեղևը ծայրի մասում մի փոքր թողնել։ Ջուրն առանց աղի եռացնել, սմբուկները լցնել մեջը և թույլ խաշել։ Այնուհետև ջրից հանել, փոքրիկ ճեղք բացել ու դնել ծանրության տակ մի քանի ժամով։ Պատրաստել խճողակը․ Կարմիր պղպեղն աղալ, ավելացնել աղացած սխտորը, մաղադանոսը, աղ անել ու խառնել։ Սմբուկները հանել ծանրության տակից, ստացված խճողակով լցոնել սմբուկները և կապել նեխուրի ցողուններով կամ ամբողջական նեխուրով։ Լցոնված սմբուկները շարել էմալապատ տարայի մեջ, վրան լցնել աղաջուր, քացախ ու թողնել թթվի։ Մեկ-երկու օրից ստուգել․ եթե աղը քիչ է՝ ավելացնել։ Պահել զով տեղում։ Որպեսզի թթվի երեսը չբորբոսնի, դնել մի փոքրիկ տոպրակով հատիկավոր սև պղպեղ։ Ուտելիս ըստ ցանկության կարելի է ավելացնել բուսայուղ։
Կերակուր բամիայով

Բաղադրիչներ
- Ոչխարի փափուկ միս - 600 գրամ
- Բամիա - 500 գրամ
- Սոխ - 2 հատ
- Լոլիկ - 3 - 4 հատ
Պատրաստման եղանակը
Ոչխարի փափկամիսը մանր կտրտել, մեկ բաժակ ջրով եփել, որից հետո՝ տապակել։ Բամիան մաքրել պոչերն արմատից չկտրել, լվանալ։ Սոխը մաքրել, լվանալ, կտրատել։ Կաթսայի մեջ շերտ-շերտ շարել միսը, բամիան, սոխը և վրան կտրատել լոլիկները։ Եփել 20-25 րոպե։
Բարի ախորժակ

