Ալցհեյմերից խուսափելու համար պետք է շաբաթական ուտել առնվազն 5 ձու. մասնագետներ

09.05.2026, 17:10
Շաբաթական առնվազն հինգ ձվի օգտագործումը 65 և բարձր տարիքի անձանց մոտ մինչև 27%-ով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը
Ալցհեյմերից խուսափելու համար պետք է շաբաթական ուտել առնվազն 5 ձու. մասնագետներ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթական առնվազն հինգ ձվի օգտագործումը 65 և բարձր տարիքի անձանց մոտ մինչև 27%-ով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը։

Սակայն նույնիսկ եթե ավելի քիչ ուտեք, դրանք, միևնույն է, կնվազեցնեն այդ սարսափելի հիվանդության ռիսկը։

Այս մասին գրում է aif-ը՝ հղում անելով Կալիֆոռնիայի Լոմա Լինդա համալսարանի գիտնականների կտարած ուսումնասիրության արդյունքներին։

Նրանք ուսումնասիրել են այդ տարածաշրջանում բնակվողների համայնքը, որը հայտնի է իր երկարակյացներով։ Սա այսպես կոչված «կապույտ գոտիներից» մեկն է, որտեղ կենտրոնացած են մեծ թվով տարեց մարդիկ։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է հեղինակավոր Journal of Nutrition («Սննդի ամսագիր») գիտական հրատարակությունում։

Նույնիսկ շաբաթական մեկ ձուն օգտակար է

Գիտնականները վերլուծել են ավելի քան 39 հազար մարդու տվյալներ, որոնց հետևել են միջինում 15,3 տարի։ Այդ տարիների ընթացքում 2858 հոգու մոտ զարգացել է Ալցհեյմերի հիվանդություն։

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական կերել են 5 և ավելի ձու, հիվանդությունը զարգացել է 27%-ով ավելի քիչ, շաբաթական 2-4 ձուն նվազեցրել է դրա ռիսկը 20%-ով, նույնիսկ հազվադեպ օգտագործումը՝ շաբաթական մեկ ձվից մինչև ամսական երեք ձու, նվազեցրել է Ալցհեյմերի ռիսկը 17%-ով։ Այս տվյալները բերված են այն մարդկանց հետ համեմատությամբ, ովքեր ընդհանրապես ձու չեն կերել կամ կերել են չափազանց հազվադեպ։

Ձուն պարունակում է ուղեղի համար օգտակար բազմաթիվ նյութեր

Ինչպե՞ս կարելի է սա բացատրել, չէ՞ որ մեզ մի քանի տասնամյակ համոզում էին, որ ձուն խոլեստերին է, և հետևաբար՝ չափազանց վնասակար։ Իրականում այս մթերքը ուղեղի առողջությունը պահպանող հիմնական սննդարար նյութերի աղբյուր է։ Դրանց թվում են խոլինը, լյուտեինը, զեաքսանտինը, օմեգա-3 ճարպաթթուները և ֆոսֆոլիպիդները։ Դրանք բոլորը շատ կարևոր են ուղեղի համար և տարբեր կերպ են նպաստում դրա առողջությանը. դրանց թվում կան նեյրոնների և նյարդային համակարգի այլ բջիջների համար կառուցողական նյութեր, հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ուղեղը օքսիդատիվ սթրեսից։