Կառավարությունը 177.8 մլն դրամ կհատկացնի Իջևանում ՈՒԵՖԱ ստանդարտներով մարզադաշտի նախագծման համար
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունն ընդունել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ 2026 թ.-ի պետբյուջեում կատարել վերաբաշխում 177 միլիոն 828 հազար դրամի չափով՝ ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։
Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2029 թ.–ին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտ ունենալը։
Այդ նպատակով սահմանվել է ՀՀ 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը, իսկ մյուսի համար՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:
Վանաձորում մարզադաշտի կառուցման համար (առկա մարզադաշտի վերակառուցման) համար արդեն ընթանում է նախագծման գործընթացը, որը վստահվել է միջազգային փորձ ունեցող, նման մարզադաշտեր արդեն նախագծած և կառուցած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը. կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 խաղ, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում 9 հանդիպում կանցկացվի Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։
«Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան, որի ընթացքում կգնահատվեն մինչ այժմ կատարված աշխատանքները և կտրվեն անհրաժեշտ ուղղորդումներ՝ հետագա գործընթացի համար:

