Չինաստանում գործում են մանկապարտեզներ շների համար՝ վազքուղիներով, խաղերով և երաժշտությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում հայտնվել է շների համար նախատեսված «մանկապարտեզի» նոր տեսակ, որը ձագերին առաջարկում է խաղեր, համեղ սնունդ, վազքուղիներ և երաժշտական պարապմունքներ, գրում է Reuters-ը։
Նման հաստատություններն արագորեն ժողովրդականություն են ձեռք բերում ընտանի կենդանիների համար նախատեսված ապրանքների և ծառայությունների արդյունաբերության թռիչքաձև աճի ֆոնին, քանի որ երիտասարդ տերերն իրենց սիրելիներին ավելի ու ավելի հաճախ են ընկալում որպես ընտանիքի անդամներ և պատրաստ են նրանց վրա ավելի շատ միջոցներ ծախսել։
Շանհայի այս հաստատությունն իրեն դիրքավորում է որպես մանկապարտեզ շների համար։ Խիստ վարժեցման կամ տարիքային սահմանափակումների փոխարեն այստեղ առաջարկում են հագեցած ծրագիր՝ չորքոտանի հյուրերի համար մանրակրկիտ կազմակերպված պարապմունքներով ու զվարճանքներով։
Ծնելիության անկման և կենսակերպի փոփոխությունների ֆոնին ընտանի կենդանիներին ավելի հաճախ են ընկալում որպես ընտանիքի անդամներ։ Սա նպաստում է կենդանիների համար ավելի թանկարժեք ծառայությունների պահանջարկի աճին, ինչպիսիք են ցերեկային խնամքը, գրումինգը և վարժեցումը։
Նմանատիպ ծառայությունների ժողովրդականությունը կապված է նաև Չինաստանի սպառողական տնտեսության մեջ տեղի ունեցող ավելի լայն փոփոխությունների հետ։ Քաղաքների երիտասարդ բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում գումար ծախսել տպավորությունների և էմոցիոնալ բարեկեցության վրա, նույնիսկ սպառողական պահանջարկի ընդհանուր դանդաղման պարագայում։
Բացման պահից ի վեր՝ կենտրոնի հաճախորդների թիվը 20-ից հասել է 200 շան։ Տերերը հաճախման համար վճարում են օրական 98-ից մինչև 138 յուան (մոտ 15–20 դոլար)՝ կախված ընտանի կենդանու չափսից։

