Երկրորդ անգամ ծնված փոքրիկը․ 88–ամյա Էլյա տատիկի լույս աշխարհ գալու անհավանական պատմությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15.05.2026, 11:20
Կարճևան գյուղում 1938թ․–ի հունվարին լույս աշխարհ եկած փոքրիկին թաղել են այգում։ Աղջիկը հրաշքով ողջ է մնացել և այսօր 88 տարեկան է։ Էլյա տատիկը պատմել է իր լույս աշխարհ գալու անհավանական պատմությունը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երկրորդ անգամ ծնված փոքրիկը․ 88–ամյա Էլյա տատիկի լույս աշխարհ գալու անհավանական պատմությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 1938թ․–ի հունվարին լույս աշխարհ եկած փոքրիկին թաղել են այգում՝ թզի ծառի տակ։ Աղջիկը հրաշքով ողջ է մնացել, և այսօր նա 88 տարեկան է։ Հովհաննիսյանների ընտանիքի այս անհավանական պատմությունը մինչ օրս փոխանցվում է սերնդեսերունդ։

88-ամյա Էլյա տատիկը, ով ունի երկու դուստր, չորս թոռ և մեկ ծոռ, «Նովոստի-Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր լույս աշխարհ գալու անհավանական պատմությունը։

1938 թվականի հունվարի 9-ին գյուղում մեծ իրադարձություն էր՝ բեմադրվում էր Շիլլերի «Ավազակները» ներկայացումը։ Գյուղացիները հավաքվել էին դիտելու ներկայացումը, և Հովհաննիսյանների ընտանիքի անդամներն էլ շտապել էին թատրոն։ Տանը մնացել էին միայն Էլեոնորայի հղի մայրիկը, տատիկը և հորեղբայրը։

«Այդ օրը բոլորն էին գնացել թատրոն։ Հորաքույրս ամուսնու հետ գյուղ էր եկել, պապայիս հետ միասին գնացել էին ներկայացում դիտելու։ Տանը մնացել էին միայն տատիկս, մամաս, ով ինձնով հղի էր, ու հորեղբայրս, ով տանից դուրս էր եկել»,– պատմում է Էլյա տատիկը։

Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ մայրը ծննդաբերում է։ Սակայն նորածինը ծնվում է ամբողջությամբ պտղապարկի մեջ՝ հազվադեպ երևույթ, որը գյուղում երբեք չէին տեսել։

«Ծնվեցի փուչիկի մեջ։ Տատիկս շատ է վախենում, մտածում է՝ գյուղում մարդիկ ի՞նչ կասեն, էս ո՞վ է ծնվել»,– պատմում է նա։

Վախից տարեց կինը տան փոքրիկ այգում, թզի ծառի տակ, փոս է փորում, պտղապարկով նորածնին դնում փոսի մեջ և ծածկում հողով։

Այդ ժամանակ տուն է վերադառնում հորեղբայրը, ում պատմում են կատարվածի մասին։

«Հորեղբայրս ասում է՝ այ մայրիկ, էդ ի՞նչ ես արել, գնա հանի, ես էլ գնամ տատմերի հետևից», – պատմում է հրաշքով ծնված Էլյա տատիկը։

Կինը շտապում է այգի, հանում փոքրիկին հողից, տատմերը բացում է պտղապարկը, և այդ պահին տեղի է ունենում այն, ինչ ընտանիքը մինչ օրս հրաշք է համարում։

«Երբ բացել են փուչիկը, ես սկսել եմ ճվճվալ։ Այդ ժամանակ նոր ծնվել եմ։ Էդպես եմ փրկվել»,– ժպիտով պատմում է Էլյա տատիկը։

Իսկ հետո ընտանիքի տեղափոխությունն էր Երևան, դպրոց, ուսում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, աշխատանք, ամուսնություն, երեխաներ։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ, ինչպես բոլորի մոտ։

бабушка Эля

Տարիներ անց այս պատմությունը դառնում է ընտանիքի ամենահուզիչ հիշողություններից մեկը։

Էլյա տատիկի խոսքով՝ իր ծնունդը միշտ հիշեցնում է, թե որքան անսպասելի կարող է սկսվել կյանքը և որքան կարևոր է ընտանիքի սերը։

Ընտանիքի միջազգային օրը, որն աշխարհը նշում է այսօր, Էլյա տատիկի պատմությունը կրկին հիշեցնում է՝ երբեմն մի ամբողջ կյանք սկսվում է մի ակնթարթում, մի ճիչով և մեկ մարդու՝ ճիշտ ժամանակին արված քայլով։