Հայտնի են Երևանում 80 մլն դոլար արժողությամբ նոր ճանապարհի շինարարության մեկնարկի ժամկետները

18.05.2026, 11:43
Ճանապարհը կապահովի ուղիղ կապ Երևանի երեք վարչական շրջանների միջև
Հայտնի են Երևանում 80 մլն դոլար արժողությամբ նոր ճանապարհի շինարարության մեկնարկի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի շրջանակում Երևանում Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող ճանապարհի շինարարության հողային աշխատանքները կմեկնարկեն հունիսի կեսերին, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։

«Մայիսից մինչև հունիսի կեսերը կիրականացվի մանրամասն ժամանակացույցի հաստատման գործընթացը, կմեկնարկեն երաշխիքների գծով կանխավճարների տրամադրման աշխատանքները։ Կիրականացվի ռեսուրսների և տեխնիկայի մոբիլիզացիա»,- նշել է նա այսօր քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Բաբայանը հայտնել է, որ ԱԶԲ-ից կստացվի 80 միլիոն դոլարի վարկ, այդ թվում՝ կառավարության համաֆինանսավորումը։

«Ծրագրի շրջանակում բոլոր տենդերները կայացել են, պայմանագրերը կնքվել են»,- ասել է Բաբայանը։

Ծրագրով նախատեսվում է Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև ճանապարհի, Հրազդան գետի վրայով 269 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցում, ինչպես նաև Կոմիտասի զբոսայգուն հարակից տարածքի վերակառուցում և կանաչապատում։ Ճանապարհը կապահովի ուղիղ կապ Երևանի երեք վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը։

Ավելի վաղ նախատեսվում էր շինարարությունը սկսել 2023 թվականին, սակայն ժամկետները հետաձգվել էին շինարարության հատվածն ընդգրկող տարածքներից հողերի օտարման և բնակիչների վերաբնակեցման ընթացակարգերի ավարտի հետ կապված բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։