«Նովոստի-Արմենիա»-ն և Ucom-ը գործարկել են ինտերակտիվ խաղ՝ թվային զեղծարարության մասին

15.05.2026, 17:48
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Ucom հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ գործարկել է «Թվային դետեկտիվ» նոր ինտերակտիվ  առցանց խաղը՝ նվիրված հեռախոսային և թվային զեղծարարությունների թեմային
«Նովոստի-Արմենիա»-ն և Ucom-ը գործարկել են ինտերակտիվ խաղ՝ թվային զեղծարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը Ucom հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ գործարկել է «Թվային դետեկտիվ» նոր ինտերակտիվ առցանց խաղը՝ նվիրված հեռախոսային և թվային զեղծարարությունների թեմային։

Նախագիծն իրականացվել է Newsarmenia.am կայքի «ԽԱՂԵՐ» նոր բաժնի շրջանակում և ուղղված է Հայաստանում օգտատերերի թվային գրագիտության ու կիբեռիրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Այսօր զեղծարարները դառնում են ավելի ու ավելի համոզիչ. զանգում են տեղական համարներից, դիմում են անունով, ներկայանում են որպես տեխնիկական աջակցության աշխատակիցներ և օգտագործում են իրականությանն առավելագույնս մոտ սցենարներ։ Նույնիսկ փորձառու օգտատերերը միշտ չէ, որ կարողանում են միանգանից զգալ սպառնալիքը։

«Թվային դետեկտիվ» ինտերակտիվ խաղում օգտատերերին առաջարկվում է անցնել թվային զեղծարարության մի շարք տիպիկ սցենարներով՝ սկսած «5G-ի միացման» և «SIM քարտի հրատապ փոխարինման» մասին զանգերից մինչև «շահավետ սակագների» մասին պարտադրվող առաջարկներն ու կասկածելի հղումները։

Խաղացողները պետք է որոշումներ կայացնեն իրական ժամանակում և ստուգեն, թե որքանով են լավ կարողանում ճանաչել մանիպուլյացիաները և պաշտպանել իրենց տվյալները։

«Մենք տեսնում ենք, թե որքան արագ է փոխվում թվային սպառնալիքների միջավայրը։ Խաղային և ինտերակտիվ ձևաչափի միջոցով կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով լսարանին պատմել ռիսկերի և թվային անվտանգության կանոնների մասին։ Նման նախագծերը թույլ են տալիս ոչ միայն ներգրավել օգտատերերին, այլև օնլայն միջավայրում ձևավորել օգտակար սովորություններ»,- նշել են «Նովոստի-Արմենիա»-ում։

Խաղն անցնելու համար կարող եք հետևել հղմանը. «Թվային դետեկտիվ»։

Անցեք խաղը, ընտրեք ձեր գործողությունների տարբերակները և պարզեք, թե ով եք դուք իրականում՝ կիբեռանվտանգության գիտակ, թե՞ խոցելի թիրախ զեղծարարների համար։

Ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայտարարել էր «ԽԱՂԵՐ» նոր ինտերակտիվ բաժնի գործարկման մասին, որը միավորում է ինտելեկտուալ, տրամաբանական և ժամանցային առցանց խաղեր կայքի օգտատերերի համար։