Երևանում գտնվող բիայնական դամբարանից մ․թ․ա․ 8–րդ դարի գտածոներ են գողացել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։
Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգությունն էր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
«Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով և փականի մաս»,- ասել է կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 36-ամյա երկու երիտասարդ։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը», - ներկայացրել է Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան Վարդան Աթոյանը։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

