ՀՀ իշխանությունները ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, եթե որոշեն գնալ այդ քայլին. Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե որոշի գնալ այդ քայլին։
Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այնտեղ [Հայաստանում] խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, դրա ղեկավարներն էլ են այդ մասին խոսում, որ այդ բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել»,- ասել է նա «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք աշխատում ենք գործընկերներին հասցնել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ կապակցությամբ։ Ի վերջո, դա իրենց ընտրությունն է»,- հավելել է Օվերչուկը։
Պատասխանելով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին ՏԱՍՍ-ի հարցին՝ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։
«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա։

