ՀՀ-ն Ռուսաստանի համար կորսված չէ. Մարկեդոնովը՝ եվրոպական և եվրասիական ինտեգրումների միջև ընտրության բացակայության մասին
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը չպետք է կառչի հայ «եվրոպականացնողների» օրակարգից և ինքնուրույն սկսի արագացնել «ամուսնալուծությունը» Երևանի հետ, կարծում է (МГИМО)-ի Մոսկվայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
«Չի կարելի առաջնորդվել ուրիշների օրակարգով, անհրաժեշտ է ձևավորել և առաջ մղել սեփական օրակարգը։ Հայաստանը ՌԴ-ի համար դեռ կորսված չէ»,- գրում է նա իր Telegram-յան ալիքում։
Փորձագետը կարծում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նույնիսկ ցանկացած ընտրական հաջողություն (բացի բացարձակ հաղթանակից) չի նշանակի հանրապետության վրա ռուսական ազդեցության լիակատար կորուստ։
«Դրա համար անհրաժեշտ կլինի պայքարել՝ նախևառաջ բացատրելով, որ եվրոպական և եվրասիական ինտեգրումների միջև իրական ընտրություն չկա։ Կա նախկին առաջնահերթություններից (բնականաբար, ոչ կատարյալ) հրաժարվելու փորձ՝ հօգուտ էլիտար գաղափարախոսականացված կառուցվածքների՝ ներքին սոցիալ-քաղաքական բևեռացման հետ մեկ փաթեթով»,- կարծում է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։ ՌԴ նախագահի այս հայտարարության համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «չշփոթել միջպետական հարաբերությունները ամուսնության հետ»։ Նա հիշեցրել էր, որ քանի դեռ դե յուրե և դե ֆակտո ընտրության անհրաժեշտություն չի առաջացել, Հայաստանը նման հարց իր օրակարգում չի դնելու։

