Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում չեմպիոնությունն ու գավաթը արդեն ապահոված Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո հայ կիսապաշտպանը Radio TV Serie A-ի եթերում ամփոփել է մրցաշրջանը և անդրադարձել թիմի հաջողություններին:
Նա նշել է, որ ընթացիկ տարում գրանցած բարձր արդյունքները ամբողջ կոլեկտիվի արդյունքն են, քանի որ նախորդ տարվա բարդ պահերից հետո թիմը կարողացել է ուժ գտնել, միավորվել և ապացուցել, որ ընդունակ է կրկին հաղթելու, հաղորդում է armsport–ը։
Հենրիխի խոսքով՝ նախորդ մրցաշրջանների ձախողումների հիշողությունները մնում են ֆուտբոլիստների սրտերում, սակայն հենց այդ բարդ պահերն են ուժ տվել միավորվելու և ապագան փոխելու համար:
Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ ներկա պահին թիմում բոլորը չափազանց երջանիկ են այս նվաճման համար, բայց պետք է շարունակել առաջ շարժվել և ավելի շատ հավատալ սեփական ուժերին:
Անդրադառնալով կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ հարցին՝ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել հստակ հայտարարությամբ:
«Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար: Ես դեռ խաղալու քաղց ունեմ: Առաջիկա օրերին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ պետք է անել, որից հետո կկայացնեմ որոշում»,- նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:

