Փոշի և ազոտի երկօքսիդ. Երևանի որ վարչական շրջաններում է օդի աղտոտվածությունը գերազանցել նորման
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 12-18-ը Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքներով մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հաշվետու շաբաթվա ընթացքում փոշու թույլատրելի քանակի գերազանցումներ են գրանցվել Կենտրոնում (մայիսի 12-ին և 15-17-ը) և Նոր Նորքում (մայիսի 14-ին)։ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում փոշու պարունակությունը նորմայի սահմաններում է եղել։
Ազոտի երկօքսիդի բարձր ֆոն է արձանագրվել գրեթե ողջ մայրաքաղաքում, բացառությամբ Շենգավիթի։ Մասնավորապես, նորմայի գերազանցումներ են եղել Կենտրոնում և Արաբկիրում (մայիսի 15-ին և 17-18-ը), ինչպես նաև Նոր Նորքում (մայիսի 16-18-ը)։
Միևնույն ժամանակ, մթնոլորտում ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկվող բոլոր օրերին և վարչական շրջաններում մնացել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում և որևէ խախտում չի գրանցվել։

