Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի, ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև այդ Գուլոյան (Գագիկ Ծառուկյանի փեսան)-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», -ասաց Փաշինյանը Շնողում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Նա հայտնեց, որ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ Դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում ինչպես ՀԷՑ-ի դեպքում, Արարատի ցեմենտի գործարանում ևս կնշանակվի կառավարիչ:
«Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է»,-նշեց Փաշինյանը:

