Անկանխիկ գործարքների համար հետվճար է ստանում արդեն 531 հազ․ կենսաթոշակառու. նախարար
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2026 թ․-ի ապրիլի դրությամբ Հայաստանում հետվճարի ծրագրից արդեն օգտվում է 531 հազար քաղաքացի, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ 2026 թվականի հունվարին նրանց թիվը կազմում էր 400 հազար։
«Այսինքն, միայն 130 հազարով միայն տարվա սկզբին է ավելացել այդ քաղաքացիների թիվը»,- ասաց Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Թորոսյանը նշեց, նաև որ հետվճարի միջին չափը 4 հազարից դարձել է 8 հազար դրամ։
«Մենք կարող ենք վստահաբար պնդել, որ գրեթե բոլորի համար կենսաթոշակը բարձրացել է ոչ թե 10 հազար դրամով, այլ 18 հազար դրամով, և այդ թիվը մոտենալու է 20 հազար դրամին շուտով»,- ասել է Թորոսյանը։
Նպաստների և կենսաթոշակների հետվճարի մասին
2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար գործում է անկանխիկ գնումների և կոմունալ վճարումների դիմաց հետվճարի ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ի սկզբանե հետվճարը կազմում էր ամսական 10% (ոչ ավելի, քան ամսական 5 հազար դրամ), ավելի ուշ՝ 12% (ոչ ավելի, քան 6 հազար դրամ)։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացվել է մինչև 20% (ոչ ավելի, քան 10 հազար դրամ)։ Վճարումները կատարվում են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 25-ը։

