«Հայաստան» դաշինքը մեղադրել է իշխանություններին ընդդիմությանը ճնշելու մեջ և կոչ է արել դեսպանատներին արձագանքել
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին գնահատել երկրի ներքաղաքական իրավիճակը հունիսի 7-ի ընտրություններին նախընթաց։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական շրջանն ընթանում է «անթույլատրելի լարվածությամբ » և, ըստ դաշինքի, «դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից»։
Նաև նշվում է, որ գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։
Դաշինքը պնդում է, որ ռեժիմի կողմից որդեգրած վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը, և որ նրանք վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ ակնկալում են հասնել վերարտադրության։
Հայտարարության մեջ նշված գործողությունները ներառում են.
• քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ,
• ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում,
• դատական իշխանության ակնհայտ կախվածություն,
• վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ,
• հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
Հատուկ նշվում է 2026 թվականի մայիսի 17-ի միջադեպը, երբ է հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով։
Դաշինքը նաև քննադատել է միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը։
Դաշինքը հայտարարել է, որ իրենք ակնկալում են անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը։
Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

