Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ զիջումների Իրանի հետ խաղաղության բանակցություններում
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ որևէ զիջման գնալ Իրանի հետ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի նոր պատասխանը ստանալուց հետո։
Այս մասին նա հայտնել է New York Post թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հիմա ոչ մի բանի համար բաց չեմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է համաձայնել Իրանի կողմից ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին։
Ամերիկայի նախագահը նաև ակնարկել է, որ Վաշինգտոնը կարող է նոր քայլեր ձեռնարկել Թեհրանի դեմ։ «Կարող եմ ձեզ ասել, որ նրանք առավել քան երբևէ ցանկանում են գործարք կնքել (ԱՄՆ-ի հետ, խմբ․), որովհետև գիտեն, թե ինչ է շուտով տեղի ունենալու», - հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվել է բացահայտել ԱՄՆ հնարավոր գործողությունների մանրամասները։ «Ես իրականում չեմ կարող ձեզ պատմել այդ մասին։ Չափազանց շատ բան է տեղի ունենում։ Սրանք բանակցություններ են։ Ես չեմ ուզում հիմար երևալ», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին:
Սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։
Մարտի 31-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ասել է, որ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության մեջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, որի պայմանները հանրապետությունն արդեն գիտի։
Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ «գիշերը մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա»։
Ապրիլի 7-ին, Truth Social սոցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կասեցնում է «Իրանի ռմբակոծություններն ու հարձակումները» Պակիստանի հետ խորհրդակցություններից հետո՝ այն պայմանով, որ նույն ժամկետով կապահովվի նավերի անխափան անցումը Հորմուզի նեղուցով։
Իր հայտարարության մեջ Թրամփը հղում է արել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքին՝ «զսպել կործանարար ուժը, որն այս գիշեր ուղղվում էր դեպի Իրան»։

