Վաղարշապատում, Լուիշ Ֆիգուի մասնակցությամբ, բացվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղարշապատում մայիսի 18–ին տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, հաղորդում է ԿԳՄՍՆ–ն։

Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են նորակառույց ակադեմիայում, ծանոթացել միջազգային ամենաբարձր չափանիշներով ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին:

Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։

«Նոա» ՖԱ-ն ներկայացրել է նաև «Noah Park» նախագծի լայնածավալ ճարտարապետական և ինժեներական հայեցակարգը, որը նախատեսվում է իրականացնել Վաղարշապատում։ Նախագիծը միավորում է մարզական, կրթական, ենթակառուցվածքային և հանրային տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից ֆուտբոլային և զարգացման էկոհամակարգ։ Նախագծի շուրջ աշխատում են միջազգային հեղինակավոր մասնագետներ և ընկերություններ՝ Իտալիայից ու Եվրոպայից։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ֆուտբոլային ակումբի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

