Բերանս մի՛ փակի. հերթական միջադեպը Փաշինյանի և Ազատի կացարանում զոհված զինծառայողի պապիկի մասնակցությամբ

19.05.2026, 14:20
Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված զինծառայողի պապիկի մասնակցությամբ
Բերանս մի՛ փակի. հերթական միջադեպը Փաշինյանի և Ազատի կացարանում զոհված զինծառայողի պապիկի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված զինծառայողի պապիկի մասնակցությամբ։

Տղամարդը հուզական հայտարարությամբ դիմել է վարչապետին՝ ասելով, որ ցանկանում է իր երեխայի վերադարձը, և մեղադրել, որ նա է Ազատ գյուղում այրել իր երեխային։

Ի պատասխան՝ Փաշինյանը կոչ է արել իրավիճակին ուշադրություն չդարձնել։

«Հայրիկ ջան, լավ էլի, խնդրում եմ։ Ժողովուրդ ջան, սա հիմա տրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք։ Կալուգայի օլիգարխը ամեն տեղ մի 200 հազար դրամ է տալիս է, եկեք ընդհանրապես ուշադրություն չդարձրեք»,-ասել է Փաշինյանը` դիմելով ներկաներին։

Դրանից հետո զոհված զինծառայող Արա Մանուկյանի պապիկին ուժով դուրս են բերել միջոցառման անցկացման վայրից։

«Խի ես տանում, ես հո տեռորիստ չեմ։ Ո՞վ եք դուք, ինչի՞ եք տանում։ Ես իմ պահանջն եմ դնում, իմ երեխուն տարավ, վառեց Ազատ գյուղում։ Ես իմ երեխուն 15 տարի պահեցի, ճամփեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն գար, ինքը վառեց, թե իր մարդիկ վառեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում։ Թող մի հատ պատասխան տա»,–ասել է տղամարդը։

Զորամասում տեղի ունեցած հրդեհի մասին

Քննության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերից անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, խախտելով սահմանված կարգը, զինծառայողների համար նախատեսված կացարանի վառարանը վառելու համար օգտագործել է բենզին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հակահրդեհային պաշտպանության պատշաճ միջոցների բացակայության պատճառով ներսում գտնվող զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել կրակը, այլև նույնիսկ կոտրել պատուհանների երկաթյա ճաղավանդակները։ Արդյունքում՝ կացարանում հանգստացող 15 ժամկետային զինծառայողներ զոհվել են, իսկ սպան և չորս ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Քննությունը շարունակվում է։

Քրեական գործի շրջանակում կալանավորվել են մի քանի սպաներ, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։