«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարել որևէ տեսանյութի պատճառով հակաարցախյան քարոզչությունը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ որևէ տեսանյութ չպետք է առիթ դառնա հակաարցախյան քարոզչության և ներհանրային թշնամանքի տարածման առիթ։
«Որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից», — Facebook-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա նաև նշել է, որ կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում՝ ընդգծելով դրա անընդունելիությունը։
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին», — ասել է Տոնոյանը։
Քրեական գործ տեսանյութի փաստով
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ՆԳՆ-ից ստացված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ վարչապետի սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի առնչությամբ։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ատելության և անհանդուրժողականության շարժառիթներով անհայտ անձինք ուղիղ եթերում տարածել են տեսանյութ՝ ՀՀ վարչապետի սպանության սպառնալիքով։
«Սպառնալիքը կապված է Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ և պարունակում է դրա իրականացման իրական վտանգ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

