Ոստիկանությունը հաստատել է արցախցի Արթուր Օսիպյանի ձերբակալումը Փաշինյանի հետ վեճից հետո
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հաստատել է Արցախի նախկին քաղաքական, հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի ձերբակալման փաստը, որն այսօր վիճաբանության մեջ էր մտել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Օսիպյանի ձերբակալման մասին հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը՝ հղում անելով հասարակական գործչի հարազատներից ստացված տեղեկատվությանը։
Նա նշել է, որ ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Հեռախոսն անջատված է, հարազատները նրա գտնվելու մասին որևէ տվյալ չունեն, ֆեյսբուքյան էջն էլ հեռացված է համացանցից։
Նշենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի է ունեցել վեճ, որն այնուհետև վերածվել է քաշքշուկի։
Վեճի ընթացքում Օսիպյանն անդրադարձել է Արցախ ուղղվող դրամական միջոցների ծախսմանը, տարածաշրջանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և փախստականների վերադարձի թեմային վերաբերող հարցերի։ Փաշինյանն իր հերթին ընդդիմախոսին մեղադրել է «ադրբեջանական նարատիվներ» օգտագործելու մեջ։

