Մաքսիմ գնդացիրը և առաջին եռագույնը. վերաբացվել է «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» մշտական ցուցադրությունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում երկարատև դադարից հետո վերաբացվել է «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» խորագրով մշտական ցուցադրությունը։
Այն բաղկացած է երեք հատվածից՝ «Գոյապայքար», «Վերածնունդ» և «Հայաստանի Հանրապետություն»։ Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա
Գալստյանը հայտնում է, որ ցուցադրությունը շատ խոսուն է, որովհետև ներկայացված արխիվը մեծ լույս ու փայլ է տալիս այդ ժամանակաշրջանի պատմությանը։

Գոյապայքար
Ցուցադրության առաջին հատվածը պատմում է Հայոց մեծ եղեռնի մասին. ներկայացված են լուսանկարներ, բռնագաղթի վկայություններ և միջազգային արձագանքը։
Գաղթի ճանապարհին ամեն ինչ կորցրած հայ կանայք ծվեն-ծվեն եղած հագուստներից գործել են մինդարներ՝ կնոջ և տղամարդու պատկերներով։
«Խորհրդանիշն այն է, որ կյանքը շարունակվում է», - նշում է Գալստյանը։

Վերածնունդ
Երկրորդ հատվածը նվիրված է Մայիսյան հերոսամարտերին՝ Սարդարապատին, Բաշ Ապարանին, Ղարաքիլիսային, ինչպես նաև Շիրակի գոյամարտին։
Սրահի կենտրոնական ցուցանմուշներից է Սարդարապատի հերոսամարտի ժամանակ օգտագործված հաստոցավոր տեսակի գնդացիր Մաքսիմը։ Հենց այս զենքն էր, որ ճակատագրական դարձավ այդ պայքարում։
«Տաճատ Հովակիմյանը վերջին պահին, երբ իր ընկերներն ընկել էին, և կար հրաման նահանջելու, չի ենթարկվում հրամանին և գալիս կանգնում է գնդացրի մոտ և «մաղում աջ ու ձախ»», - պատմում է բաժնի վարիչը։

Հայաuտանի Հանրապետություն
Երրորդ հատվածը ներկայացնում է Հայաuտանի Առաջին Հանրապետության խորհրդանիշները` առաջին եռագույնը, դրամները։
«Հերոսամարտերի արդյունքում ծնվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այն խորհրդանիշները, որոնք այսօր մեր ՀՀ-ը կրում է, մենք ստացել ենք առաջին հանրապետությունից», - նշում է Գալստյանը։
Ցուցադրված են նաև հայոց պատմության առաջին դասագիրքը և Առաջին Հանրապետությանը վերաբերող բացիկներ։


